Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» 8-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մեկնարկին հաշված օրեր են մնացել: Ինչո՞վ է առանձնանում մրցույթ-փառատոնը, ի՞նչ արձագանք ունի Հայաստանում և դրսում: Մեր այս հարցերին ի պատասխան մրցույթ-փառատոնի փոխտնօրեն, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի փոխտնօրեն ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ասաց, որ «Վերածնունդը» աշխարհագրությամբ ու մասնակիցների թվով աննախադեպ է, այն ասես ոչ միայն Գյումրու, այլև Հայաստանի երաժշտական այցեքարտը լինի: Միայն անցյալ տարի 38 երկրից 2800 մասնակից են ունեցել: Միակ միջազգային մրցույթ-փառատոնն է, որ անցկացվում է ոչ թե մայրաքաղաք Երևանում, այլ Շիրակի մարզում: Հայաստանից ներկայացված են գրեթե բոլոր երաժշտական և լրացուցիչ կրթության ուսումնական հաստատությունները, մասնակիցներ կան Երևանից, հանրապետության մարզերից, Արցախից:
«Վերածնունդն» ասես ստուգատես լինի մեր բոլոր երաժշտական ուսումնական հաստատությունների համար, որպեսզի տաղանդավոր երեխաները ներկայացնեն իրենց ձեռքբերումներն ու հաջողությունները»,- ընդգծեց Աշոտ Պետրոսյանը:
Ի՞նչ է տալիս մրցույթ-փառատոնը հայաստանյան մասնակիցներին: Անդրադառնալով այս հարցին՝ Աշոտ Պետրոսյանն ասաց, որ մրցութային ծրագրի ունկնդրումներն անցկացվում են 14 անվանակարգով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, էստրադային երգեցողություն, պարարվեստ և այլն), մասնակիցները հանդես են գալիս հինգ տարիքային խմբերով. «Տարիքային խմբերը որոշակի սահման չունեն. անցյալ տարի մեր ամենափոքր մասնակիցը 5 տարեկան էր, ամենամեծը՝ 56: Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են արվեստի 70-ից ավելի ճանաչված գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի օրերին նշանավոր երաժիշտները ոչ միայն լսում և գնահատում են մեր երեխաներին, այլև անցկացվում են վարպետության դասեր ու համերգներ: Գիտեք՝ որպեսզի այսօր որևէ մեկը մասնակցի միջազգային փառատոնի, ստանա վարպետության դաս բարձրակարգ վարպետի մոտ, պետք է ֆինանսական լուրջ ծախսերի առաջ կանգնի, ինչը քիչ ընտանիքների է հասու: Մենք այդ մարդկանց հրավիրում ենք այստեղ ու մեր երեխաներին հնարավորություն ենք ընձեռում օգտվելու նրանց հմտություններից: Հանրապետության երաժշտական ուսումնական հաստատությունների կեսից ավելին Երևանում է, բայց մեզ ուրախացնում է այն, որ մասնակիցներ ունենք հեռավոր սահմանամերձ գյուղերից, որտեղ երաժշտական դպրոց ունենալը բավականին դժվար է»։ Գյումրիում նույնպես ակտիվ է երաժշտական կյանքը. մոտ 10 երաժշտական ու արվեստի դպրոց կա, մեկ ուսումնարան, գործում է նաև կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:
Այս տարի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին կմասնակցի ավելի քան 3000 մարդ աշխարհի շուրջ 40 երկրից: Աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է: Այս տարի, օրինակ, մասնակցության հայտ են ստացել Աֆրիկայից՝ Գանայի Հանրապետությունից: Կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն: Փառատոնի անցկացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը և Գյումրու քաղաքապետարանը:
Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «Մշակույթների երկխոսություն» միջազգային 10-րդ հոբելյանական գիտաժողովը, որին կմասնակցեն գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ